«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ ԹԵՄԱՆԵՐԻՑ ՄԵԿԸ` «ԽԱՉԴԱՇԸ», ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՀԱՆՎԵՑ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳԻՑ»

«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ ԹԵՄԱՆԵՐԻՑ ՄԵԿԸ` «ԽԱՉԴԱՇԸ», ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՀԱՆՎԵՑ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳԻՑ»
13.10.2009 | 00:00

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը ՀՀ մշակույթի փոխնախարար ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԸ և ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, ճարտարապետության թեկնածու Անուշ Տեր-Մինասյանն Արաբական Միացյալ Էմիրություններում մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեի 4-րդ նստաշրջանին: Այդ և այլ հարցերի մասին է մեր զրույցը տիկին Սամուելյանի հետ:
-Տիկին Սամուելյան, ի՞նչ հարցեր էին արծարծվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանում, և ինչպիսի՞ն էր Հայաստանի մասնակցությունը:
-Նստաշրջանին մասնակցում էր ավելի քան 450 մասնագետ 103 երկրից, որոնցից 25-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեի անդամ երկրներն էին: Հայաստանը ներկայացված էր դիտորդի կարգավիճակով: Քննարկումներ ծավալվեցին կոմիտեի կոնվենցիայում առաջարկվող փոփոխությունների շուրջ, ուսումնասիրվեցին 3-րդ նստաշրջանին (2008 թ., Ստամբուլ) ոչ նյութական արժեքների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ տարբեր երկրների ներկայացրած ծրագրերը, ներկայացվեց շտապ պահպանության կարիք ունեցող արժեքների ցանկը: Քննարկում եղավ նաև մինչև 25 հազար ԱՄՆ դոլար և դրանից ավելի օգնության կարիք ունեցող միջազգային արժեքների վերաբերյալ դիմումների շուրջ: Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ցուցակում ընդգրկվելու համար ներկայացրել էր «Խաչքարի վարպետություն» անվանակարգը, որն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Մինչև այս տարվա նոյեմբերի 15-ը ՀՀ մշակույթի նախարարությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ից անհրաժեշտ դիտողություններ պարունակող նամակ ստանալուց և համապատասխան շտկումներ կատարելուց հետո, փորձագետներ կնշանակի: Հիշեցնենք, որ 2005-ին Հայաստանի ներկայացրած «Դուդուկը և իր երաժշտարվեստը» նախագիծն արդեն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում: ՀՀ պատվիրակությունը ներկայացավ այս նստաշրջանի ընթացիկ հարցերին առնչվող մի քանի ելույթներով, որոնք դրական ընդունելության արժանացան նստաշրջանի մասնակիցների կողմից: Նիստերից դուրս եղան բազմաթիվ հանդիպումներ ու զրույցներ նստաշրջանի մասնակիցների և կազմակերպիչների հետ, այդ թվում և՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն պարոն Մացուռայի հետ: Շոշափվեց ՀՀ-ի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոմիտեի կազմում ընդգրկվելու հարցը: Այդ հարցը կքննարկվի 2010 թվականի հունիսին, Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գագաթաժողովում: Այստեղ և կլուծվի 2-րդ խմբի (Արևելյան Եվրոպայի երկրների) ներկայացուցիչների ռոտացիայի խնդիրը: Կարևոր եմ համարում ընդգծել, որ նիստերից դուրս տարբեր երկրների փորձագետների հետ հայկական պատվիրակության ունեցած բանակցության արդյունքում 2010 թվականի համար Ադրբեջանի առաջարկած թեմաներից մեկը` «Խաչդաշը», ընդհանրապես հանվեց խորհրդաժողովի օրակարգից, ինչպես նաև դուրս թողնվեց ապագա բոլոր քննարկումներից: Սա, թերևս, կարելի է համարել մեր պատվիրակության հաղթանակը: Ադրբեջանի ծրագրի ատենախոսն ազգությամբ թուրք էր, Անկարայից: Այս հանգամանքն արդեն իսկ թեթև ցնցում էր մեզ համար, բայց հետո պարզվեց, որ մեր անհանգստությունն իզուր էր: Նա բավական լուրջ մասնագետ էր և հենց ինքն էլ խորհուրդ տվեց ադրբեջանցիներին, որ քննարկումից հանեն իրենց առաջարկած թեման: ՀՀ պատվիրակության մասնակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեի 4-րդ նստաշրջանին կարևոր նշանակություն ունեցավ այդ ոլորտում Հայաստանի մշակույթի ճանաչման, գործունեության ակտիվացման և տարբեր միջազգային կազմակերպությունների հետ հետագա համագործակցության համար: Տեղեկացնեմ, որ հաջորդ՝ 5-րդ նստաշրջանը կկայանա 2010 թվականի նոյեմբերին, Քենիայում: Կարծում եմ, որ դիտորդի կարգավիճակից անցումը կոմիտեի անդամ երկրի կարգավիճակին (մի բան, որն ակնկալում ենք մոտ ապագայում) Հայաստանին կտա գործունեության ավելի լայն սպեկտր և իր ձեռնարկումներում առավել ակտիվ լինելու հնարավորություն:
-Թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի պետական սահմաններից դուրս գտնվող հայկական հուշարձանների գոյատևման և անխաթար պահպանման խնդիրները մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվել են մասնագետներն ու նաև ոչ մասնագետներ: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում պետական մակարդակով այս խնդիրներն լուծելու ուղղությամբ, կոնկրետ ինչպիսի՞ լծակների է տիրապետում մշակույթի նախարարությունը:
-Մենք ունենք մշակութային արժեքների պահպանության վարչություն, որի գործունեության դաշտում ներառվում են ոչ նյութական մշակութային ժառանգությունը, թանգարաններն ու գրադարանները: Նախարարությանը կից գործում է հուշարձանների պահպանության գործակալությունը, որն ունի տարածքային ստորաբաժանումներ: Կան նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններ, թանգարան-արգելոցներ: Սրանք բոլորն իրավունք ունեն իրենց լիազորություններն օգտագործելու ի նպաստ հայկական հուշարձանների պահպանության: Կոնկրետ հիմա մենք ունենք խնդիր՝ կապված Գառնիից 15 կմ հեռու՝ պահպանական գոտում գտնվող 11-րդ դարի մատուռ-գերեզմանոցի հետ, որի հարևանությամբ՝ ընդամենը 10 մետր հեռու, երկու քաղաքացի սկսել են մեծ շինարարություն՝ կառուցում են եկեղեցի: Նրանց մտքով չի էլ անցել, որ նման ձեռնարկից առաջ պետք է դիմել հուշարձանների պահպանությամբ զբաղվող պատկան մարմիններին: Մենք ստիպված ենք ներքաշվել դատական գործընթացի մեջ: Իհարկե, սա ընդամենը մեկ օրինակ է, բայց ոչ եզակի: Մենք ունենք լծակներ՝ վերահսկելու համար նման միջադեպերը: Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանների մասին ունենք ամբողջական պատկեր, գիտենք՝ ինչն է արված, ինչը՝ ոչ: Արդեն քանի տարի շարունակ մեր գիտահետազոտական ոչ առևտրային կազմակերպությունը աշխատանք է տանում պահպանական գոտիների ուղղությամբ: Իրականացվում են հուշարձանների վերականգնման աշխատանքներ: Որպես կոնկրետ օրինակ՝ կարող եմ նշել օրերս Լճաշենի բերդում կատարված աշխատանքները: Ավելի բարդ է խնդիրը Հայաստանից դուրս գտնվող հուշարձանների դեպքում, որովհետև այստեղ մենք գործ ունենք նաև քաղաքական հարցերի հետ: Ջավախքում, Թուրքիայի տարածքում գտնվող հայկական պատմական հուշարձանների առնչությամբ մենք որոշակի աշխատանքներ ենք տանում, որոնք չեն լուսաբանվում և պետք էլ չէ, որ լուսաբանվեն: Պարզապես կուզենայի հասարակությանը հավաստիացնել, որ մշակույթի նախարարությունը վերջիններից չէ, որ տեղյակ է լինում մեր հուշարձանների դեմ կատարվող ոտնձգություններին: Մենք քաջատեղյակ ենք, թե ինչ է կատարվում, և ձեռնարկում ենք համապատասխան քայլեր, որոնց մասին անպայման չենք համարում հրապարակել: Երբեմն հրապարակումները խանգարում են գործընթացին: Օրինակ, ասեմ, որ վրացիների՝ Արևմտյան Հայաստանի Տայքի շրջան գնալուց դեռ շատ առաջ ես գիտեի, որ սպասվում է նման ուղևորություն:
-Իսկ ի՞նչ քայլեր արվեցին դա կանխելու, դրա դեմ պայքարելու համար:
-Իսկ ի՞նչ պիտի արվեր, ԱԳՆ-ին հայտագի՞ր ներկայացնեինք: Մենք ձեռքներս ծալած չենք նստել: Վրացիները միշտ էլ ոտնձգություններ կատարել են մեր պատմական արժեքների նկատմամբ և կատարելու են, բայց որ մենք փորձում ենք կանխարգելել, փաստ է: Վերջին շրջանում ֆինանսավորել ենք տարբեր հրապարակումներ, հոդվածներ՝ նվիրված Վրաստանում գտնվող հայկական հուշարձաններին: Մենք էլ այսպես ենք հակադարձում: Հայ-թուրքական սահմանամերձ հուշարձանների վերաբերյալ ունենք բավականին մանրամասն տեղեկություն, որտեղ փորձել ենք փաստերը մատուցել այնպես, որ չգրգռենք թուրքերին, բայց և նպաստենք մեր շահերին:
-Հոկտեմբերի 7-ին նշվեց Գրադարանների միջազգային օրը: Նախկին գրադարանային խիտ ցանցի փոխարեն այսօր ունենք հատուկենտ գրադարաններ՝ ընթերցողների ոչ ստվար բանակով: Ի՞նչ կյանքով են ապրում այդ հիմնարկությունները:
-Մշակույթի նախարարության համակարգի մեջ ընդգրկված է տասներեք գրադարան: Բայց ընդհանուր թվով Հայաստանում գործում է 2540 գրադարան: Այս տարի ավարտվել են հիմնանորոգման աշխատանքները ազգային և Խնկո Ապոր անվան գրադարաններում: Լուծում ենք նաև այդ երկու խոշոր գրադարանների տեխնիկական վերազինման խնդիրը, ջերմախոնավային ռեժիմի, ազդանշանային և հակահրդեհային համակարգերի հետ կապված հարցերը: Այս բոլոր գործերն ի կատար են ածում համապատասխան մասնագիտական խմբերը: Մեզ համար գերխնդիր է, որ գրադարանները բերվեն մեր երբեմնի ընթերցասեր ազգին վայել մակարդակի: Հայ տպագրության 500-ամյակին ընդառաջ՝ փորձում ենք ուշադրության դաշտում պահել գրադարանները, չնայած ոչ հարուստ պետական բյուջեի ընձեռած սուղ հնարավորություններին: Գրադարանների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարությունը պատվոգրերի և շնորհակալագրերի արժանացրեց գրադարանային մի շարք աշխատողների: Գրադարանավարի գործն այնքան ստվերային, թվացյալ ոչ առաջնային է, և գրադարանավարներն աշխատում են այնպիսի դժվար պայմաններում, որ պետք չէ բաց թողնել առիթը՝ նրանց գոնե բարոյապես խրախուսելու և սատարելու: Այդ պարգևները հանձնելը շատ հաճելի պարտականություն էր ինձ համար: ՈՒ պարգևատրվողներն էլ շատ հուզված էին:
-Ոչ հարուստ պետական բյուջե ունենալու ծանրությունը մշակույթի հատկապես ո՞ր ոլորտն է զգալու իր ուսերին:
-Բոլոր ոլորտները, ցավոք: Հուշարձանների մասով, օրինակ, մոտ 60 տոկոսով կրճատվել են պետական հատկացումները:
-Եվ, այդուամենայնիվ, մշակույթի նախարարությունն աշնան ընթացքում մասշտաբային միջոցառումների շարք է իրականացնում: Շաբաթներ առաջ «Ծիր Կաթին» նախագիծն էր, ուղևորությունը Սիսիան՝ Քարահունջ համալիր, ավելի ուշ եղան «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի հիմնադրման 25-ամյակի տոնակատարությունը, ուղևորությունը Եղեգնաձոր, Նորավանք, կատարվեց Երևան քաղաքի ծննդյան համաքաղաքային տոնակատարությունը:
-Իսկապես, աշունը Երևանում և ողջ Հայաստանում բավական ակտիվ է: Այս տարի մեկնարկել է միջոցառումների շարք, որը յուրովի նախապատրաստություն է հաջորդ տարի նշվելիք ճարտարապետ Մոմիկի հոբելյանի: Այս շարքի մեջ էին մտնում Եղեգնաձորի մարզում կազմակերպված միջոցառումները: Այս տարվա հունիս ամսին, ՀՀ կառավարության որոշմամբ, «Զորաց քարեր» կոչվող բնակավայրը մտել է պատմամշակութային արգելոցների ցանկի մեջ: Եվրոպական ժառանգության օրերի նպատակներից մեկն այն է, որ այդպիսի վայրերը ճանաչելի դառնան հանրությանը: Մեր ուղևորությունը Սիսիան հենց այդ նպատակին էր ծառայում: Առջևում արվեստասեր հասարակությունն առիթ կունենա մասնակիցը և ականատեսը դառնալու ևս մի շարք միջոցառումների:
Զրուցեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1718

Մեկնաբանություններ